Windows 11-ում թարմացվել է Start մենյուն, ինչպես նաև հայտնվել է ֆայլերի արագ փոխանակման նոր վահանակ


Microsoft ընկերությունը թողարկել է Windows 11-ի հերթական բետա տարբերակը (Insider Preview Build 22635.4950): Նոր տարբերակում թարմացվել է Start մենյուն, ինչպես նաև հայտնվել է ֆայլերի արագ փոխանակման նոր վահանակ: Նոր Start մենյուի բոլոր ծրագրերը ցուցադրելու «All» ռեժիմը ներառում է երկու ենթառեժիմ՝ Grid և Category:


Grid-ի դեպքում ծրագրերը դասավորվում են այբբենական, իսկ Category ռեժիմում ծրագրերն ավտոմատ խմբավորվում են ըստ կատեգորիաների և դասավորվում ըստ օգտագործման հաճախակիության: Start մենյուի կողքի հատվածում ցուցադրվում են նաև համակարգչին կցված Android սմարթֆոնի ծանուցումները:

Մյուս նորույթը ֆայլերի արագ փոխանակման վահանակն է, որը ցուցադրվում է էկրանին, եթե սեղմեք ֆայլի վրա և քաշեք վերև: Նախորդ բետա տարբերակում այս վահանակն ակտիվացնելու համար պետք էր օգտվել լրացուցիչ գործիքներից:
Նշեմ, որ Windows 11-ի բետա թարմացումները ստանալու համար պետք է ակտիվացնել Insider Program-ը: