Google-ը թողարկել է Անդրոիդից Windows և հակառակը ֆայլեր փոխանակելու Nearby Share ծրագիրը


Google ընկերությունը թողարկել է Nearby Share Beta for Windows ծրագրը, որը նախատեսված է Անդրոիդից Windows և հակառակը ֆայլեր փոխանակելու համար: Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է 64 բիթանոց Windows 10 կամ 11 օպերացիոն համակարգ, ինչպես նաև Bluetooth մոդուլ: Դե իսկ Անդրոիդ համակարգում վաղոըց ներդրված է Nearby Share գործառույթը ու ոչինչ պետք չի տեղադրել: Windows-ից Անդրոիդ ֆայլեր ուղարկելու համար պետք է ընդամենը ֆայլը քաշել ծրագրի պատուհանի վրա ու մոտակայքում հայտնաբերված սարքերից ընտրել համապատասխանը:
Անդրոիդից ֆայլեր ուղարկելու համար պետք է պարզապես ընտրել ֆայլը, բացել տարածելու (share) մեյուն և ընտրել Nearby Share տարբերակը:

Ծրագիրը Windows-ում տեղադրելուց հետո պահանջվում է մուտք գործել Google-ի հաշիվ, որպեսզի հնարավոր լինի օրինակ ֆայլեր փոխանակել միայն այդ հաշիվ մուտք գործած սարքերի միջև:

Կարող եք ընտրել նաև, որպեսզի սարքը ֆայլեր ստանալու հարցումներ նաև ստանա միայն ձեր կոնտակտներից կամ ցանկացած սարքից:

Ֆայլերը փոխանակվում են միայն այն դեպքում, երբ ստացողն ընդունում է հարցումը: Կարելի է ասել, որ սա ավանդական Bluetooth-ով ֆայլեր փոխանակելու կատարելագործված տարբերակն է: