Reddit-ում հայտնվել է ապացույց, որ Samsung-ը «կեղծում» է լուսնի լուսանկարները


Reddit-ի օգտատերերից մեկը գրառում է արել, որտեղ ապացուցում է, որ Samsung-ով նկարած լուսնի նկարներն իրական չեն: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Samsung-ի տեսախցիկով նկարած լուսնի դետալիզացիան ոչ թե տեսախցիկների շնորհիվ է, այլ արհեստական բանականության, որն ավտոմատ ճանաչում է լուսնի լուսանկարն ու լրացնում դետալները: Հանուն արդարության նշեմ, որ Samsung-ը երբեք չի էլ թաքցրել, որ որակյալ լուսանկարներ ստանալու համար օգտագործում է արհեստական բանականությունը:

Իսկ ինչպես է Reddit-ի օգտատերը ապացուցում իր պնդումը: Նա պարզապես համացանցից վերցրել է բարձր որակով լուսնի լուսանկարը, փոքրացրել է այն մինչև 170×170 և դրա վրա կիրառել է լղոզման էֆեկտը (blur): Արդյունքում ստացվել է փոքր չափսի խավար նկար:

Վերջում օգտատերը տեղադրել է ստացված լուսանկարը համակարգչի էկրանի վրա, անջատել է սենյակի լույսն ու հեռվից նկարել Galaxy Ultra-ով: Արդյունքում ստացվել է լուսանկար, որտեղ պարզ երևում է լուսնի դետալիզացիան, որը լրացվել է արհեստական բանականության շնորհիվ:
