Adobe Photoshop-ում հայտնվել է մի քլիքով լուսանկարից օբյեկտները նշել/ջնջելու և այլ օգտակար գործիքներ


Adobe ընկերությունը ցուցադրեց մի շարք նոր գործառույթներ, որոնք հայտնվելու են Photoshop ծրագրի PC, iPad և վեբ (բետա) տարբերակներում:

Adobe-ը կատարելագործել է 2020թ.-ին Photoshop-ում հայտնված օբյեկտները նշելու գործիքը (Object Selection tool), որի միջոցով կարող եք մկնիկը պահել լուսանկարում եղած օբյեկտի վրա և ծրագիրն ավտոմատ ճանաչում է օբյեկտն ու նշում այն: Գործիքի թարմացված տարբերակն արդեն ճանաչում է ավելի շատ օբյեկտներ (օր. երկինք, շինությոններ, բույսեր, լեռներ և այլն):

Նույն գործիքը թույլ է տալիս նաև արագ կատարել ևս մեկ կարևոր գործողություն մեկ քայլով: Օրինակ կարող եք մի քլիքով նշել օբյեկտը և SHIFT+DELETE կոճակները սեղմելով այդ օբյեկտը ջնջել լուսանկարից: Բնականաբար ջնջված օբյեկտի հատվածը դատարկ չի մնում և արհեստական բանականությամբ այն լրացվում է ֆոնին համապատասխան:


Photoshop-ում ավելացել են նաև նեյրոնային ֆիլտրերը, որոնք աշխատում են մեքենայական ուսուցմամբ: Օրինակ լուսանկարի վերականգման (Photo Restoration) ֆիլտրը թույլ է տալիս վերականգնել հին վնասված լուսանկարները:

Photoshop-ում բետա տարբերակում հայտնվել է նաև Share for Review գործիքը, որը թույլ է տալիս տարածել ընթացիկ դիզայնը ընկերների հետ, ովքեր կարող են մեկնաբանություններ և առաջարկություններ գրել:
Մեկնաբանություններն ու դիզայնի թարմացումները ցուցադրվում են իրական ժամանակում: Տարածվող հղումը կարելի է բացել ցանկացած դիտարկչով առանց որևէ համակարգ կամ օգտահաշիվ մուտք գործելու:

Photoshop-ի iPad հավելվածում հայտնվել է նկարի ֆոնը մի քլիքով ջնջելու հնարավորություն: iPad-ում նաև հայտնվել է Content-Aware Fill գործիքը, որով հնարավոր է լուսանկարից ջնջել անցանկալի օբյեկտները:


Photoshop-ում հայտնված բոլոր նորույթներին կարող եք ծանոթանալ պաշտոնական բլոգում: