Պաշտոնական: Nvidia-ն չի գնի ARM ընկերությունը
2020 թ. սեպտեմբերին Nvidia ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է 40 միլիարդ դոլարով գնել ճապոնական SoftBank հոլդինգին պատկանող միկրոսխեմաներ արտադրող ARM ընկերությունը: Այս հոլդինգը 2016թ. գնել էր բրիտանական ARM-ը 31 միլիարդ դոլարով: Այն ժամանակ նշվում էր, որ գործարքը ամիսներ է տևելու քանի որ այն պետք է հաստատվի ՄԵծ Բրիտանիայի, Չինաստանի, Եվրոմիության և ԱՄՆ-ի հակամոնոպոլիստ ռեգուլյատորների կողմից:
Այսօր հայտնի դարձավ, որ բանակցությունները մտել են փակուղի և գործարքը չեղարկվում է: Հավանաբար այն չի հաստատվել ռեգուլյատորների կողմից: SoftBank ընկերությունը նշում է, որ ARM ընկերության արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն է անցկացնելու (IPO):
ARM-ի միկրոսխեմաները լիցենզավորում և օգտագործում են Microsoft, Samsung, Apple, Qualcomm, Broadcom, Intel, Huawei և մի շարք այլ ընկերություններ, այդ պատճառով Nvidia-ի գնելու դեպքում այստեղ կարող է մենաշնորհի հարց առաջանալ: ARM-ի նախագծած պրոցեսորներով են աշխատում ժամանակակից սմարթֆոնների մեծամասնությունը: