Motorola-ն ցուցադրեց նոր տեխնոլոգիա, որը օդով միաժամանակ լիցքավորում է 4 սարքեր


2021թ. հունվարին Motorola ընկերությունը ցուցադրեց տարածության մեջ անլար լիցքավորման իր նոր տեխնոլոգիան: Այժմ արդեն Motorola-ն ներկայացրեց այդ տեխնոլոգիայի բարելավված տարբերակը, որն ստացել է Space Charging անվանումը: Նշվում է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս միաժամանակ լիցքավորել մինչև 3 մետր հեռավորության վրա գտնվող 4 սարք: Լիցքավորումը տարածվում է 100 աստիճան անկյունով:

Լիցքավորող սարքն ունի 1600 անտենա, որոնցից դուրս էկող ազդանշանը կարող է անցնել թղթի կամ այլ նմանատիպ արգելքների միջով: Լիցքավորումը դադարում է, երբ մարդ է կանգնում լիցքավորող և լիցքավորվող սարքերի միջև: Այս տեխնոլոգիայով լիցքավորման հզորությունը 5Վտ է, ինչը կարող է քիչ լինել ժամանակակից սմարթֆոնների համար, սակայն այլ խելացի սարքերի համար բավական է (օր. սմարթ ժամացույց կամ անլար ականջակալ):
Space Charging տեխնոլոգիան գրեթե պատրաստ է շուկա դուրս գալու համար, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում: Հիշեցնեմ, որ նմանատիպ տեխնոլոգիա ունի նաև Xiaomi ընկերությունը, որը կոչվում է Mi Air Charge: