Microsoft-ը ներկայացրեց Windows 11-ը, որտեղ հնարավոր կլինի բացել Անդրոիդ հավելվածներ


Microsoft ընկերությունը վերջապես ներկայացրեց Windows 11-ի վերաբերյալ մի քանի մանրամասներ: Նախևառաջ նշեմ, որ մինչ այս համացանցում տարածված լուսանկարներն ու Windows 11 համակարգը իրական էին: Նոր օպերացիոն համակարգում փոխվել է ինչպես արտաքին ինտերֆեյսի էլեմենտները, այնպես էլ առկա են մի շարք ծրագրային փոփոխություններ:
Windows 11-ի առանցքային նորույթներից մեկն այն է, որ Microsoft Store-ից հնարավոր կլինի ներբեռնել Անդրոիդ հավելվածներ և դրանք բացել անմիջապես Windows 11-ում: Microsoft Store-ում առկա են Amazon App Store-ում տեղադրված Անդրոիդ հավելվածները:

Հավելվածները ներբեռնելուց հետո դրանք կաշխատեն ինչպես սովորական Windows հավելվածները: Օրինակ հնարավոր կլինի դրանք տեղադրել Taskbar-ի վրա:

Windows 11-ի Start Menu-ն ու Taskbar-ի էլեմենտները տեղափոխվել են էկրանի կենտրոն (կարգավորումներից հնարավոր է հետ բերել)


Taskbar-ում հայտնվել է նոր նշան, որի վրա սեղմելով բացվում է նորությունների վիջեթը: Այնտեղ ցուցադրվող նյութերը հնարավոր է կարգավորել:

Microsoft Teams-ը նույնպես ներդրվել է Windows 11-ի մեջ, ինչը թույլ է տալիս մշտապես տեքստային կամ աուդիո/վիդեո կապի մեջ լինել ընկերների հետ:


Խաղասերների համար հասանելի է Xbox Game Pass գրադարանը: xCloud ամպային ծառայության խաղերը նույնպես հասանելի են այս գրադարանում:

Auto HDR նոր գործառույթն ավտոմատ խաղերի վրա կկիրառի գունային HDR տեխնոլոգիան: Xbox Series X / S խաղային կոնսոլներում առկա DirectStorage գործառույթը նույնպես ներդրվել է Windows 11-ում, որը թույլ է տալիս խաղերը բացել համեմատաբար արագ (պետք է ունենալ համապատասխան հիշողության սարք, իսկ խաղեր արտադրողները պետք է խաղերում կիրառեն այս տեխնոլոգիան):

Microsoft-ը թարմացրել է նաև Microsoft Store հավելվածների խանութի արտաքին ինտերֆեյսը: Այս խանութում կարող են տեղադրվել նաև Windows-ի ավանդական ծրագրերը:

Պատուհանները մեծացնելու նշանի վրա մկնիկը պահելով ցուցադրվում են տարբեր ուղղանկյուններ, որոնց վրա սեղմելով պատուհանը տեղադրվում է էկրանի համապատասխան վայրում:
