Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակներին նվիրված բջջային հավելվածը


Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը: Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Հավելվածը նախատեսված է iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։ Red Book of Armenia բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։

Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։ Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը: Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։