Ներկայացվեցին Huawei Watch 3 սմարթ ժամացույցները, որոնք աշխատում են HarmonyOS-ով


Huawei ընկերությունը ներկայացրեց իր սեփական HarmonyOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը: Այս միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև Huawei Watch 3 սմարթ ժամացույցները, որոնք աշխատում են HarmonyOS-ով:

Նոր ժամացույցը աջ կողմում ունի պտտվող կոճակ, որով հնարավոր է կառավարել ժամացույցը: Huawei-ը նշում է, որ այս կոճակից հնարավոր է օգտվել անկախ եղանակային պայմաններից (նույնիսկ թաց ձեռքերով և ձեռնոցներով):

Նոր ժամացույցն ունի 1.43 դյույմանոց կլոր OLED էկրան (326 PPI, 60 Հց): Ժամացույցի կորպուսը չժանգոտվող մետաղից է, իսկ հետևի կափարիչը՝ կերամիկա: Ժամացույցն ունի ջրի 5 ATM պաշտպանություն:

Huawei Watch 3 ժամացույցներն ունեն շուկայում առկա նմանատիպ ժամացույցների բոլոր մոդուլները՝ սրտի աշխատանքի և արյան մեջ թթվածնի հագեցվածության SpO2 չափման մոդուլ, քնի և առողջության որակի հսկման մեխանիզմ, ակսելերոմետր, GPS, GLONASS և այլն: Ժամացույցն ունի նաև մարմնի ջերմաստիճանը չափող մոդուլ:

Ժամացույցում ներդրված է նաև օգտատիրոջ ընկնելու մասին տեղեկանալու մոդուլ, որն ավտոմատ զանգում է շտապ օգնություն (ինչպես Apple Watch-ում): Ժամացույցում ներդրված են նաև ավելի քան 100 տեսակի սպորտային ռեժիմների մոդուլ:

Huawei Watch 3 ժամացույցներն ունեն նաև eSIM 4G LTE մոդուլ, ինչը թույլ է տալիս զանգեր կատարել առանց սմարթֆոնի առկայության: Ժամացույցներն ունեն նաև սեփական AppGallery հավելվածների խանութը, որտեղից հնարավոր է առանց սմարթֆոնի միջամտության ներբեռնել հավելվածներ ժամացույցի մեջ: Ժամացույցներն ունեն 2ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն:

Huawei Watch 3 սմարթ ժամացույցների մարտկոցը մեկ լիցքավորումով ստանդարտ ռեժիմում աշխատում է 3 օր, իսկ էկոնոմ ռեժիմում՝ 14 օր: Մարտկոցը լիցքավորվում է անլար եղանակով:

Huawei Watch 3 սմարթ ժամացույցի Pro տարբերակն ունի ավելի դասական տեսք: Այս տարբերակը սովորականից տարբերվում է կորպուսի մատերիալով (տիտան) և մարտկոցի ավելի երկար աշխատանքով (5 օր և 21 օր): Pro տարբերակում տեղադրված է նաև ավելի ճշգրիտ GPS մոդուլ:

Huawei Watch 3 սմարթ ժամացույցի բազային տարբերակը Չինաստանում վաճառվում է մոտ 400 դոլարով, իսկ Pro տարբերակը՝ 500: