PS5-ի առաջին մեծ ծրագրային թարմացումը թույլ է տալիս PS5 խաղերը տեղափոխել արտաքին կրիչ վրա
Sony ընկերությունը վաղը թողարկելու է PlayStation 5-ի առաջին խոշոր ծրագրային թարմացումը, որտեղ կատարվել են մի քանի փոփոխություններ: Ամենանշանակալիներից մեկն այն է, որ հնարավորություն է տրվելու PS5-ի խաղերը տեղափոխել արտաքին կրիչի վրա: Ճիշտ է, Sony-ն դեռ հնարավորություն չի տալու միանգամից խաղալ դրանք, քանի որ PS5-ի խաղերը հարմարեցված են SSD կրիչների համար: Արտաքին կրիչի վրա տեղափոխված խաղերը նորից խաղալու համար կպահանջվի դրանք նորից տեղափոխել ներքին SSD-ի վրա: Sony-ն նշում է, որ սա ավելի արագ գործողություն է, քան նորից ինտերնետից կամ սկավառակից ներբեռնելն ու տեղադրելը:
Իսկ ահա արտաքին կրիչի վրա տեղափոխված PS4 խաղերը հնարավոր կլինի միանգամից խաղալ PS5-ի վրա: Sony-ն խոստանում է, որ ապագայում նաև թույլ կտա արտաքին կրիչի վրա տեղափոխված PS5-ի խաղերը միանգամից խաղալ PS5-ի վրա, եթե դրանք տեղադրվեն M.2 կրիչների վրա:
PS5-ի թարմացման մեջ փոփոխություն է կատարվել նաև Share Play գործառույթում: Այս թարմացումից հետո PS5-ի և PS4-ի օգտատերերը կարող են կիսվել իրենց խաղային սեանսներով ընկերների հետ, ինչպես նաև միասին խաղալ մի կոնսոլի վրա հեռավար ռեժիմով: Փոփոխություններ են կատարվել նաև բջջային հավելվածում: