Ինչպես հայտնաբերել Google-ում պահպանված խոցելի գաղտնաբառերը և շտկել դրանք
Համացանցում գոյություն ունի https://haveibeenpwned.com/ կայքը, որտեղ էլեկտրոնային փոստի հասցեն գրելուց հետո կարող եք տեսնել, թե արդյոք Ձեր էլ. փոստով գրանցված որևէ կայքից տեղի ունեցած արտահոսքերում կան Ձեր գաղտնաբառի մասին տվյալներ: Նորից նշեմ, որ խոսքը որևէ կայքի մասին է, որտեղ գրանցվել եք այդ էլ. փոստով: Եթե Ձեր տվյալները կան այդ կայքում, դա չի ենթադրում, որ Ձեր գաղտնաբառը բաց դրված է համացանցում: Միգուցե արտահոսքի արդյունքում գաղնաբառը կոդավորված է եղել, կամ միգուցե այնպիսի կայքի արտահոսք է, որ պատահական մի անգամ գրանցվել եք ու այդքան էլ կարևոր չէ: Նաև տեղեկացնեմ, որ այս կայքն անվտանգ է, քանի որ գրում եք միայն էլ. փոստը:
Այսպիսով հիմնականում աշխատեք Ձեր էլ. փոստի գաղտնաբառը հուսալի ու դժվար գուշակվող դարձնել: Ֆեյսբուքում ու նմանատիպ սոց կայքերում էլ կարող եք միացնել երկփուլային անվտանգությունը, որպեսզի օտար սարքից կամ երկրից մուտք գործելու պարագայում Ձեր հեռախոսին հարցում գա:
Ինչպես գիտեք Google Chrome դիտարկիչը թույլ է տալիս պահպանել տարբեր կայքերի գաղտնաբառերը և ավտոմատ լրացնել դրանք անհրաժեշտ պահին: Այս պարագայում Ձեզ մնում է միայն հիշել Google-ի գաղտնաբառը: Chrome-ն ունի նաև գաղտնաբառեր գեներացնող գործիք: Այսինքն ցանկացած նոր կայքում գրանցվելուց կարող եք աջ քլիք անել գաղտնաբառի դաշտի վրա և ընտրել Google-ի գեներացված գաղտնաբառը:
Google-ը վերջերս ներկայացրեց նոր գործիք, որն իր մեջ կարելի է ասել պարունակում է վերևում նշված կայքի գործառույթները, սակայն ավելի արդյունավետ է: Այդ գործիքը ցույց է տալիս, թե Google-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը երբևէ արտահոսքերի մեջ հայտնվել են ու առաջարկում է փոխել կոնկրետ կայքերում գրանցված գաղտնաբառերը:
Օրինակ ինձ առաջարկեց փոխել բազմաթիվ կայքերի գաղտնաբառեր ու հիմնականում դրանք այնպիսի կայքեր են, որտեղ գրանցվելուց օգտագործել եմ հեշտ ու կրկնվող գաղտնաբառեր: Գործիքը ցուցադրում է ոչ միայն արտահոսած գաղտնաբառերը, այլև հաճախ կրկնվող և թույլ գաղտնաբառերը: Օրինակ եթե երկու կայքերում գրանվել եք նույն էլ. փոստով ու գաղտնաբառով, ապա գործիքը կառաջարկի փոխել: Փոխելու ժամանակ կարող եք գրել ավտոմատ գեներացվող գաղտնաբառեր:
Վերջում նշեմ նաև, որ Google-ում պահպանված գաղտնաբառերը կարող եք տեսնել ցանկացած սարքի ու ցանկացած դիտարկչի վրա: Պետք է ընդամենը բացել passwords.google.com կայքը և մուտք գործել Google-ի պրոֆիլ: