Xiaomi-ն ներկայացրեց իր առաջին ծալվող էկրանով Mi Mix Fold սմարթֆոնը, որը կրկնակի էժան է Galaxy Z Fold2-ից
Xiaomi-ն այսօր շարունակեց երեկ սկսված մեծ միջոցառումը և ցուցադրեց իր առաջին ծալվող էկրանով Mi Mix Fold սմարթֆոնը: Այս նոր սմարթֆոնի կոնստրուկցիան նման է Samsung Galaxy Z Fold2 և Huawei Mate X2 սմարթֆոններին:
Mi Mix Fold-ի էկրանը ծալվում է ներս և ծալված վիճակում հետևի կողմում ունի լրացուցիչ էկրան: Սմարթֆոնը բացված վիճակում դառնում է 8,01 դյույմանոց պլանշետ:
Բացված վիճակում առկա է այսպես կոչված «դեքսթոփային ռեժիմ», որի ժամանակ հավելվածները բացվում են առանձին պատուհաններում, այլ ոչ թե ամբողջ էկրանով: Փակված վիճակում սմարթֆոնի հետևի էկրանը 6,52 դյույմ է:
Mi Mix Fold սմարթֆոնն ունի 3 մոդուլանի հիմնական տեսախցիկ՝ 108 Մպ (Samsung HMX), 13 Մպ ուլտրալայն և 8 Մպ:
Վերջին մոդուլը բաղկացած է հեղուկ ոսպնյակից, ինչը թույլ է տալիս տեսախցիկին աշխատել մարդու աչքի նման (միաժամանակ հանդիսանում է և մակրո և տելեֆոտո մոդուլ): Այս մոդուլն ունի 3x օպտիկական և 30x թվային զում: Մոդուլը թույլ է տալիս նկարել նվազագույնը 3 սմ հեռավորությունից:
Mi Mix Fold-ն ունի թոփ SoC Snapdragon 888 պրոցեսոր, 12/16 ԳԲ օպերատիվ և 256/512Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի 5020 մԱ/ժ մարտկոց (Mi 11 Ultra-ի սիլիցիումի օքսիդային տեխնոլոգիայի նման), որը լիցքավորվում է գերարագ 67 Վտ հզորությամբ (0-ից 100% 37 րոպեում):
Սմարթֆոնն ունի նաև 4 հատ Harman Kardon դինամիկներ, ինչի շնորհիվ ձայնը դառնում է տարածական (3D panoramic sound):
Ի տարբերություն շուկայում առկա նմանատիպ Samsung Galaxy Z Fold2 և Huawei Mate X2 սմարթֆոնների, Xiaomi Mi Mix Fold-ի գինը զգալի էժան է: Բազային մոդելը (12/256ԳԲ) վաճառվում է 1500 դոլար: