Խաղային պատերազմներ: Fortnite-ը ջնջված է Google Play-ից և App Store-ից

Ամսաթիվ

Epic Games-ը Fortnite խաղի թարմացման մեջ ներդրել է խաղում վճարումներ կատարելու նոր համակարգ, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են առանց Google-ի կամ Apple-ի միջնորդության գնումներ կատարել խաղում: Սա թույլ է տալիս Epic Games-ին չվճարել 30% մասնաբաժին Google-ին և Apple-ին և կիրառել զեղչեր վիրտուալ ապրանքների վրա:


Բնականաբար այս խորամանկություն չէր կարող անպատասխան մնալ: Նախ Apple-ը, այնուհետև Google-ը շատ կտրուկ արձագանքեցին այս քայլին և խաղը ջնջեցին App Store-ից և Google Play-ից: Անդրոիդի դեպքում հնարավոր է խաղը ներբեռնել այլ օնլայն խանութներից, իսկ ահա iOS-ի դեպքում այլ տարբերակ չկա:


Apple-ի այս քայլին Epic Games-ը պատասխանել է քննադատությամբ ու տեսանյութ է պատրաստել, որը ծաղրում է Apple-ին: Տեսանյութը նկարահանված է Macintosh-ի «1984» գովազդի հիման վրա, որն էլ հիմնված է Ջորջ Օուրելի համանուն հակաուտոպիական վեպի վրա, որտեղ համակարգը հետևում ու կառավարում է ամեն քայլ:


Apple-ի կողմից գանձվող 30% միջնորդավճարի դեմ էր վերջերս խոսել նաև Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը:



Նշեմ, որ Apple-ի ու խաղային մյուս ընկերությունների պայքարը վերջերս մեծ թափ է հավաքել: Բանն այն է, որ Apple-ը App Store-ից ջնջում է այն հավելվածները, որոնք թույլ են տալիս խաղեր խաղալ սթրիմինգային ծառայություններով: 


Apple-ն այս քայլը հիմնավորում է նրանով, որ App Store-ում տեղադրված խաղերի որակը կարողանում է ստուգել ու երաշխավորել, իսկ ահա սթրիմինգային խաղերի դեպքում պատկերն այլ է:



Սթրիմինգային խաղերի դեմ Apple-ի վարած այս քաղաքականության դեմ արդեն հասցրել են բողոքել Facebook-ը, Microsoft-ը, Google-ը և այլ ընկերություններ:


Հիշեցնեմ, որ iOS-ում հասանելի չեն լինելու Google Stadia և xCloud սթրիմինգային ծառայությունները, որոնք թույլ են տալիս սմարթֆոնով, պլանշետով կամ համակարգչով խաղալ թոփ խաղեր՝ ունենալով միայն արագ ինտերնետ: Այսինքն, խաղը բացվում է սթրիմինգային ծառայություն տրամադրող ընկերության սերվերների վրա և պատկերը հեռարձակվում է օգտատիրոջ սարքի վրա:
Շատերը կարծում են, որ Apple-ը փորձում է առաջ տանել իր Apple Arcade ծառայությունը, այդ պատճառով է արգելափակում տարբեր խաղային ընկերությունների ծառայությունները: Apple Arcade-ը թույլ է տալիս բաժանորդավճարի դիմաց iOS-ում 100-ավոր խաղեր խաղալ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն