Armblog.net-ը 10 տարեկան է 🎉 Եկեք վերհիշենք մեր անցած ուղին


Armblog.net-ի հարգելի ընթերցողներ, ուրախությամբ հայտնում եմ, որ բլոգն այսօր դարձավ 10 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրեցի առաջին գրառումը, որը նվիրված էր իմ կողմից պատրաստված հայերեն առաջին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»: Այն ժամանակ նույնիսկ չէի պատկերացնել, թե ինչ մասշտաբների կհասներ այս ամենը և ինչքան երկար կյանք կունենար:

Ինչևէ, ի շնորհիվ իր հավատարիմ հետևորդների, այս բլոգը շարունակում է գոյատևել: Քանի որ 10 տարին երկար ժամկետ է, թույլ տվեք մի փոքր առիթավորվել ու պատմել բլոգի հաջողությունների մասին:

Այս 10 տարիների ընթացքում բլոգը գրանցել է բազմաթիվ հաջողություններ, որոնց հիմա հետադարձ հայացքով դժվար է հավատալ: Օրինակ տարիներ առաջ, երբ հայկական տիրույթում այդքան էլ շատ չէին լրատվական և ժամանցային կայքերը, բլոգն իր այցելուների թվով գտնվում էր լավագույն տասնյակում (երբեմն նույնիսկ եռյակում):

Միշտ աշխատել եմ իմ ընթերցողներին մատուցել այն ամենն, ինչը գտնում եմ օգտակար ու հետաքրքիր է ՏՏ տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար: Սկզբնական շրջանում թեմայից շեղվելով բլոգում փորձել եմ հավաքել մի շարք աֆորիզմներ, ստատուսներ (չխնդաք, այն ժամանակ մոդա էր😃), անեկդոտներ, բանաստեղծություններ, որոնց հեղինակներին հնարավորության դեպքում նշել եմ:

Նպատակը մեկ հարթակում համացանցի տարբեր անկյուններում գտնվող գրառումները հավաքելն էր: Բլոգում աշխատել եմ տեղադրել նաև հետաքրքիր ու ուսուցողական վիդեոներ (օրինակ Ռուբեն Եսայանի Բացահայտումները):

Մի քանի տարի շարունակ ակտիվ էր նաև «Օրվա կադրը» բաժինը, որտեղ բլոգի այցելուներն իրենց կողմից արված հետաքրքիր ու զվարճալի նկարներն էին ուղարկում (ներքևի նկարը 2013 թվականի արխիվից է):

Հետագայում սկսեցի ավելի շատ կենտրոնանան ՏՏ ոլորտի նորությունների, իմ ստեղծած խաղերի ու հավելվածների, խաղերի ու խաղային կոնսոլների, համակարգչային հնարքների վրա: Այն ժամանակ շատ էի անդրադառնում նաև Օդնոկլասնիկի կայքում ինչ-որ հնարքներ անելուն:

Այս ընթացքում բլոգի այցելուների համար ստեղծեցի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ մասը, Android-ի համար ArmHang խաղը, ArmRadio հավելվածը, Ֆեյսբուքի հայկական լայքերի վարկանիշային Armlikes.com կայքը և մի շարք այլ նախագծեր:

Այս 10 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ փորձեր են արվել կրկնօրինակ բլոգի թե դիզայնը, թե գրառումները, թե անվանումը: Եղել են նաև բլոգի հաջողությանը նախանձող ու «մուռ պահողներ» 😃:

Ստացել եմ բազմաթիվ նամակներ թե դրական բովանդակությամբ, թե բացասական, թե զավեշտալի: Որոշ գրառումներ գրվել են ի շնորհիվ այդ նամակների:

Բազմաթիվ անգամ փորձել են նաև հարձակումներ անել կայքի վրա (չնայած մեծ մասը զավեշտալի ու չակերտավոր հարձակումների փորձեր են եղել):

Տվյալ պահին էլ Ֆեյսբուքում կգտնեք բազմաթիվ էջեր ու խմբեր, որոնք պարունակում են Արմբլոգ բառը: Սակայն ինչպես ասում են՝ իրական Արմբլոգն ավելի մեծ է, քան կեղծ Արմբլոգների հեղինակների տարիքները 😃 (Ադրբեջանից մի քանի տարի ենք փոքր):

Տարիներ առաջ անդրադառնում էի համացանցում ակտուլա զվարճալի ու հետքրքիր թեմաների (օրինակ մարսագնաց Արթուի մասին), քանի որ այն ժամանակ Ֆեյսբուքն այդքան էլ ակտիվ չէր և տեղեկատվության պակաս էր զգացվում:

Թողարկել եմ ArmblogTV ծրագրի 5 տարբերակներ, որոնցով հնարավոր էր դիտել հայկական ու արտասահմանյան հեռուստաալիքները, դիտել ֆիլմեր, մուլտֆիլմեր և ինչու չէ նաև խաղալ: Այժմ հասկանալի պատճառներով այս ծրագիրն այդքան էլ ակտուալ չի ու չթարմացնելու հետևանքով գրեթե չի աշխատում:

Համոզված եմ, որ բազմաթիվ օգտատերեր հետևում են բլոգին սկսած 2010 թվականից (կամ մի փոքր ավելի ուշ): Իսկ բլոգի նոր հետևորդներին ուզում եմ հայտնել, որ այս 10 տարիների ընթացքում բլոգում կատարվել է ավելի քան 3700 գրառում, որոնց մեծ մասը չեք գտնի հայակական տիրույթի այլ կայքերում:

Բլոգի գրառումները դիտվել են ավելի քան 52 միլիոն անգամ: Մոտ 1.300.000 դիտում է ունեցել «Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք» գրառումը, որտեղ հավաքված են Հայաստանում աշխատանք փնտրելու կայքերի հասցեները:

Արմբլոգն իր ուրույն դիրքն ունի նաև Google որոնողական համակարգում: Տվյալ պահին օրական նվազագույնը Արմբլոգի 1000 էջադիտում է գրանցվում հայ օգտատերերի կողմից Google-ում ինչ-որ բան որոնելու դեպքում:

Սա շատ կարևոր ցուցանիշ է ինձ համար, քանի որ հազարավոր մարդիկ իրոք գտնում են այն ինչ իրականում փնտրում են հայկական տիրույթում: Բազմաթիվ որոնողական բառերով Արմբլոգը տվյալ պահին Google-ում ցուցադրվում է առաջին հորիզոնականում:

Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բլոգի թե հին, թե նոր հետևորդներին: Սա մեր բոլորի հաջողությունն է: Այս 10 տարիների ընթացքում շատերն են ցանկացել գնել բլոգը, շատերն են հարցրել, թե ինչքան կտևի և ինչ նպատակներ կան բլոգի հետ կապված: Սակայն թե այն ժամանակ, թե հիմա հստակ ոչ մի հստակ բան չկա: Կփորձեմ հնարավորինս օգտակար լինել ու երկարացնել այս նախագծի կյանքը:

Ինչպես արդեն հասկացել եք կամ հասկացաք, որ Արմբլոգը միայն այս կայքը չի, այն իր մեջ ներառում է մի շարք բջջային հավելվածներ, ծրագրեր, կայքեր, նախագծեր, որոնք բացառապես անվճար են:

Վերջում ևս մեկ անգամ նշեմ բոլոր այն պաշտոնական էջերն ու հավելվածները, որոնք կապված են Արմբլոգի հետ.
Պաշտոնական էջեր


Հավելվածներ




