Գտնվել է Անդրոիդները «սպանող» էկրանի նկարի հեղինակը


Վերջերս համացանցում մի լուսանկար էր տարածվել, որը որոշ Անդրոիդ հեռախոսների վրա որպես էկրանի նկար օգտագործելու դեպքում շարքից հանում էր հեռախոսի օպերացիոն համակարգը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա կապված է նկարի մեջ եղած պիկսելների հետ, որը ճիշտ չէր կարողանում ցուցադրել Անդրոիդի ծրագրային կոդը: Խնդրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ բլոգի նախորդ գրառումներից մեկում:

Պարզվում է, որ այս լուսանկարի հեղինակը Ամերիկաբնակ լուսանկարիչ Գաուրավ Ագրավալն է, ով 2019թ. կնոջ հետ հանգստանալու ընթացքում նկատել է գեղեցիկ ամպերը և լուսանկարել իր Nikon տեսախցիկով:

Նա լուսանկարը մի փոքր մշակել է Lightroom ծրագրով, ինչն էլ հավանաբար բերել է այդպիսի խնդրի: Այնուհետև նա լուսանկարը տեղադրել է Flickr ծառայությունում, որտեղից էլ օգտատերերը ներբեռնել են և տեղադրել որպես էկրանի նկար: