Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են իրենց նոր iPhone-ները օգտագործել երկու SIM քարտով


Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը տարածաշրջանում առաջինն է ներդնում և գործարկում eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։ Այս նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նորագույն սերնդի iPhone-ներում, որոնց մեջ ներկառուցված SIM-ը կոչվում է eSIM։

Այսինքն, եթե բաժանորդների սմարթֆոններն ունեն նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել ծառայությունը և eSIM-ն անմիջապես կգործարկվի։ Արդյունքում բաժանորդները կունենան ևս մեկ հեռախոսահամար իրենց սմարթֆոնում:

«Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: Այս պահին մեր ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։