Ինչպես Google-ի ստեղնաշարի միջոցով ստեղծել Ձեր դեմքին նման ստիկերներ


iOS և Android համակարգերը թույլ են տալիս իրենց ստեղնաշարերի փոխարեն օգտվել այլ մարդկանց կողմից ստեղծված ստեղնաշարերից: Նմանատիպ ստեղնաշարերից է օրինակ Gboard-ը, որը ստեղծվել է Google-ի կողմից: Այս ստեղնաշարը հիմնականում տեղադրված է լինում ժամանակակից Անդրոիդ սմարթֆոններում: Եթե այնուամենայնիվ այս ստեղնաշարը չկա Ձեր սմարթֆոնում, ապա կարող եք ներբեռնել Google Play-ից և App Store-ից: Այնուհետ պետք է մտնեք համակարգի ստեղնաշարի կարգավորումները և որպես հիմնական ստեղնաշար նշել Gboard-ը:

Վերջերս Gboard-ում ավելացել է մի նոր գործիք, որը սկանավորում է օգտատիրոջ դեմքը և ստեղծում է դեմքին համապատասխան ստիկերների հավաքածու: Հնարավորություն կա նաև փոխել գեներացված ստիկերի մազերի գույնը, գլխի կառուցվածքը և մնացած մասերը:

Անհատական ստիկերներ գեներացնող այս գործիքը տեսնելու համար պետք է բացեք Gboard ստեղնաշարի ստիկերների բաժինը և ընտրեք նկարում ցուցադրված նշանը: Այնուհետև պետք է սկանավորել դեմքը և ստեղծել ստիկերը:

Եթե Gboard-ում չեք կարողանում գտնել սմայլիկների բաժինը, ապա պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված ցանկից ընտրեք համապատասխան նշանը:

Կարող եք նաև բացել Gboard-ի կարգավորումները և փոխել տառերի չափսերը, գույները և այլ պարամետրեր: