Google-ը դադարեցնում է URL հասցեների կրճատման goo.gl ծառայությունը
Ամսաթիվ
Google ընկերությունը պարբերաբար ստեղծում է նոր ծառայություններ, սակայն դրանց հետ մեկտեղ դադարեցնում է նաև հին ծառայությունները: Հիմնականում փակվող ծառայությունները քիչ են օգտագործվում կամ Google-ն առաջարկում օգտվել այլընտրանքային ծառայություններից: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ Google-ի փակվող ծառայությունից օգտվում են միլիոնավոր օգտատերեր ու Google-ը չունի դրա այլընտրանքային տարբերակը:
Նմանատիպ ծառայություններից է URL հասցեների կրճատման goo.gl ծառայությունը, որը թույլ է տալիս կրճատել երկար ինտերնետային հասցեները և դրանք ցուցադրել ավելի կարճ տեսքով: goo.gl ծառայությունը նաև հասցեների տերերին թույլ է տալիս տեսնել վիճակագրական տվյալներ (հասցեի վրա սեղմողների քանակը, երկիրը, աղբյուրը և այլն):
goo.gl ծառայության փակման գործընթացն արդեն սկսել է: Ս.թ. ապրիլի 13-ից սկսած այս ծառայության նոր օգտատերերն այլևս չեն կարողանա կրճատել հասցեները: Այսինքն, այն հասանելի կլինի միայն նախկինում գրանցված օգտատերերի համար: Իսկ 2019թ. մարտի 31-ից հետո այս ծառայությունը անհասանելի կլինի բոլորի համար: Google-ը նշում է, որ այս ծառայության միջոցով կրճատած բոլոր հղումները կշարունակել աշխատել: Այսինքն 2019թ. մարտի 31-ից հետո հնարավոր չի լինի կրճատել հղումներ ու տեսնել վիճակագրական տվյալներ, իսկ հին հղումները կաշխատեն: Google-ն առաջարկում է հետագայում օգտվել հասցեների կրճատման Bitly և Ow.ly ծառայություններից:
Նշեմ նաև, որ goo.gl-ի API-ից օգտվող ծրագրերը ևս չեն կարողանա օգտվել այս ծառայությունից: Այսինքն ծրագրավորողները ևս պետք է իրենց ծրագրերում կատարեն փոփոխություններ:
Google-ը գնում է այս քայլին, որպեսզի առաջխաղացնի իր Firebase Dynamic Links ծառայությունը: FDL հասցեները դինամիկ հասցեներ են, որոնք օգտատիրոջ սարքից կախված տարբեր կերպ են բացվում: Օրինակ, եթե օգտատերը չունի տեղադրված Android հավելվածը, ապա FDL-ի վրա սեղմելու դեպքում բացվում է Google Play-ում այդ հավելվածի էջը, իսկ հավելվածն ունենալու դեպքում՝ բացվում է հավելվածի մեջ գտնվող խորքային էջերից մեկը: Նույն հասցեն կարող է այլ կերպ իրեն դրսևորեն iOS համակարգում կամ վեբ տարբերակում: