Google-ը ներկայացրեց Android P օպերացիոն համակարգի առաջին փորձնական տարբերակը
Ամսաթիվ
Google ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց Android օպերացիոն համակարգի հերթական տարբերակը և ծրագրավորողների համար հասանելի դարձրեց Developer Preview 1 տարբերակը: Այս նոր համակարգի անունը սկսվում է P տառով, սակայն դեռ հայտնի չէ, թե P տառով սկսվող կոնկրետ ինչ բառ է լինելու:
Եթե հաշվի առնենք, որ MWC 2018 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին մի շարք սմարթֆոններ, որոնք ունեն Apple iPhone X-ի «ճակատային կտրվածք»-ից, ապա կարելի էր սպասել, որ նոր Android-ի նկատելի փոփոխություններից մեկը լինելու է հենց այդ կտրվածքի ծրագրային ապահովումը:
Android P-ի երկրորդ նկատելի փոխոխությունը կապված է ծանուցումների վահանակի արտաքին տեսքի և ֆունկցիոնալության հետ: Անդրոիդ 7-ից սկսած օգտատերերը կարող էին անմիջապես ծանուցումների վահանակում գրել տեքստեր և պատասխանել հաղորդագրություններին: Այս տարբերակում կատարելագործվել է այդ ֆունկցիան:
Օրինակ ծանուցումների մեջ ցուցադրվում է օգտատիրոջ լուսանկարը կամ հաղորդագրության մեջ ներառվող լուսանկարը, հնարավորություն կա կիսատ թողնել պատասխանը և այն շարունակել հավելվածի մեջ, ինչպես նաև Smart replies ֆունկցիայի շնորհիվ ցուցադրել ստանդարտ պատասխանները:
Օրինակ ծանուցումների մեջ ցուցադրվում է օգտատիրոջ լուսանկարը կամ հաղորդագրության մեջ ներառվող լուսանկարը, հնարավորություն կա կիսատ թողնել պատասխանը և այն շարունակել հավելվածի մեջ, ինչպես նաև Smart replies ֆունկցիայի շնորհիվ ցուցադրել ստանդարտ պատասխանները:
Android P-ում հայտնվել է նաև հատուկ API, որի միջոցով հնարավոր է միաժամանակ աշխատել մի քանի տեսախցիկների հետ: Այժմ սմարթֆոններ արտադրող ընկերությունները հիմնականում ներառում են երկու տեսախցիկների հետ աշխատելու սեփական ծրագրային լուծումները, այդ պատճառով պարզ չի, թե ինչքանով այս նոր API-ն պահանջված կլինի:
Android P-ում առկա են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոնցից են HDR VP9 Profile 2 և HEIF ֆայլերի ֆորմատները, Wi-Fi ցանցի միջոցով 1-2 մետրի ճշտությամբ օգտատիրոջ դիրքի որոշումը, տեքստային դաշտերի ավտոմատ լրացման բարելավվումը, ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների համար միկրոֆոնի և տեսախցիկի արգելափակումը, էներգախնայողության և արագագործության բարելավվումը և այլն:
Ինչպես արդեն նշեցի, սա այս օպերացիոն համակարգի առաջին փորձնական տարբերակն է և դեռևս շատ ֆունկցիաներ կան, որոնք հետագայում կներառվեն կամ հայտնի կդառնան: Փորձնական այս տարբերակը հնարավոր է տեղադրել միայն Google Pixel սմարթֆոնների վրա: Նախատեսվում է, որ նոր Android-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի այս սեպտեմբերին: