Խելացի բարձրախոսներ, տրանսֆորմեր նոթբուք, նոր սմարթֆոններ, անլար ականջակալներ և այլ սարքեր, որոնք երեկ ցուցադրեց Google-ը


Google ընկերությունը երեկ անցկացրեց հերթական միջոցառումը, որի ընթացքում ցուցադրեց իր նոր սարքերն ու ծառայությունները: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ ցուցադրեց Google-ը:
Google Home Mini

Փոքր չափսերով այս սարքը կատարում է օգտատիրոջ հրամանները Google Assistant ծրագրով (օր. ավելացնել նշումներ օրացույցում, որոնել ինֆորմացիա ինտերնետում, կառավարել սարքին միացված Google-ի այլ սարքավորումներ և այլն): Սարքը նախատեսված չի երգ լսելու համար, այսինքն, առաջին հերթին սա հենց ձայնային օգնական է, ոչ թե խելացի դինամիկ: Սարքը վաճառվելու է 50 դոլարով:
Google Home Max

Google Home Max սարքն ունի 2 հատ ցածր և 2 հատ բարձր հաճախականություններով աշխատող բարձրակարգ դինամիկներ: Սարքն ունակ է նվագարկել YouTube Music, Spotify, Google Play Music և այլ ծառայությունների երգերը: Այս սարքում նույնպես ներդրված է Google Assistant ձայնային օգնականը: Google Home Max սարքը վերլուծում է սենյակի չափսերը և այնտեղ տեղի ունեցող գործողությունները: Օրինակ լվացքի մեքենա միացնելու դեպքում սարքն ավտոմատ բարձրացնում է երաժշտության ձայնը: Google Home Max սարքը հնարավոր է տեղադրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքերով: Սարքն արժի 399 դոլար:
Google Pixelbook

Chrome OS-ով աշխատող այս նոթբուք-տրանսֆորմերի էկրանը հնարավոր է պտտել 360 աստիճանով և օգտագործել նոթբուքը 4 ռեժիմներով: Սարքը կշռում է ընդամենը 1կգ և ունի 10մմ հաստություն: Pixelbook-ն ունի 12.5 դյույմանոց սենսորային Quad HD (235 PPI) էկրան:
Pixelbook-ն ունի հետևյալ տեխնիկական բնութագրերը. Intel Core (i5 կամ i7), մինչև 16 ԳԲ օպերատիվ և մինչև 512 ԳԲ ներքին SSD հիշողություն: Սարքը լիցքավորվում է USB-C բնիկով: Մարտկոցի ամբողջական լիցքավորումը թույլ է տալիս աշխատել 10 ժամ շարունակ:

Նշվում է նաև, որ ինտերնետի բացակայության ժամանակ սարքն ավտոմատ միանում է Google Pixel հեռախոսին և օգտվում բջջային կապի ինտերնետից: Pixelbook սարքում հնարավոր է տեղադրել հավելվածներ Google Play-ից: Սարքը ներառում է նաև Google Assistant ձայնային օգնականը, որն ակտիվացնելու համար ստեղնաշարի վրա հատուկ կոճակ կա:

Google Pixelbook-ի հետ միաժամանակ ներկայացվեց նաև Google Pixelbook Pen խելացի ստիլուսը, որը կարող է ճանաչել սեղմման ավելի քան 2000 մակարդակներ: Այս ստիլուսով հնարավոր է նաև էկրանի վրա նշել տեքստ կամ լուսանկար և Google Assistant-ով տեսնել նշվածի մասին ինֆորմացիա: Google Pixelbook-ը վաճառվելու է 999 դոլարով, իսկ Pixelbook Pen-ը՝ 99:
Pixel 2 և Pixel 2 XL

Google Pixel 2 սմարթֆոնի էկրանը 5 դյույմ է, իսկ XL-ինը՝ 6 դյույմ: Այս նոր սմարթֆոններն ունեն Always-on ֆունկցիա, որի միջոցով հեռախոսի էկրանին մշտապես ցուցադրվում է օգտակար ինֆորմացիա: Սմարֆոններն ունեն հետևյալ տեխնիկական բնութագրերը. 2,35 ԳՀց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողություն:
Pixel 2-ն ունի 2700 մԱ/ժ մարտկոց, իսկ ավագ եղբայրը՝ 3520 մԱ/ժ: Երկու սմարթֆոններն էլ չունեն 3.5 մմ ականջակալի բնիկ: Սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց: Սմարթֆոններն աշխատում են Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով:

Pixel 2 սմարթֆոններում մեծ ուշադրություն է դարձվել տեսախցիկների վրա: Նշվում է, որ DxOMark թեստի ժամանակ Pixel 2 սմարթֆոնների տեսախցիկը հավաքել է առավելագույն միավորը և առաջ է անցել iPhone 8 Plus-ից և Galaxy Note 8-ից: Pixel 2 սմարթֆոններում ավելացել է Motion Photos ֆունկցիան, որը նման է iPhone-ի Live Photos-ին:

Pixel 2 սմարթֆոնների կորպուսի կողքի հատվածը սեղմելով հնարավոր է բացել Google Assistant ձայնային օգնականը: Նշվում է, որ սմարթֆոնը տարբերում է պատահական սեղմումները և Assistant-ը բացվում է միայն այն դեպքում, երբ օգտատերը դիտմամբ սեղմել է կորպուսը: Google Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնների գները սկսվում են 649 և 849 դոլարից:
Google Pixel Buds

Google-ն իր Pixel 2 սմարթֆոններում հրաժարվել է 3.5մմ ականջակալի բնիկից և ստեղծել է Google Pixel Buds անլար ականջակալներ: Pixel Buds-ը կարելի է համարել Apple AirPods-ի մրցակիցը: Pixel Buds-ով հնարավոր է ոչ միայն լսել երաժշտություն, այլ Google Assistant-ի միջոցով ստանալ հուզող հարցերի պատասխանները: Pixel Buds-ի աջ ականջակալի վրա տեղադրված է փոքր թաչփադ, որին հպվելով հնարավոր է կառավարել սմարթֆոնը:

Օրինակ երաժշտության ձայնը բարձրացնելու կամ իջացնելու համար պետք է թաչփադի վրա մատը տեղաշարժել առաջ կամ ետ, իսկ երաժշտությունը սկսելու կամ դադարելու համար պետք է սեղմել թաչփադը: Google Assistant-ը բացելու համար պետք է սեղմած պահել թաչփադը, այնուհետև տալ համապատասխան ձայնային հրամանները:

Pixel Buds ականջակալներով հնարավոր է նաև խոսակցության ընթացքում միանգամից թարգմանել զրույցը և լսել հարազատ լեզվով: Օրինակ իտալերենի համար համար պետք է ընդամենը սեղմած պահել թաչփադը և Google Assistant-ին տալ հետևյալ հրամանը՝ Help me speak Italian: Հետագայում ձեր խոսացածն ավտոմատ կթարգմանվի և սմարթֆոնի բարձրախոսի միջոցով կփոխանցվի զրուցակցին, իսկ նրա իտալերեն նախադասությունները ականջակալներով կլսեք ձեր նախընտրած լեզվով:
Google Pixel Buds ականջակալները վաճառվելու են 159 դոլարով: Ականջակալների հետ տրամադրվում է նաև հատուկ տուփ, որը նախատեսված է ոչ միայն ականջակալների ապահով պահպանման և տեղափոխման համար, այլև դրանց լիցքավորման: Ամբողջական լիցքավորումից հետո ականջակալներով հնարավոր է երաժշտություն լսել 24 ժամ շարունակ:
Google Clips

Արհեստական բանականությամբ առաջնորդվող այս տեսախցիկը որոշում է նկարվելու համար ամենահարմար պահերը և ինքնուրույն լուսանկարում է կյանքի ամենավառ դրվագները: Տեսախցիկն արժի 249 դոլար:
Google Daydream View

Google-ը թարմացրել է նաև Daydream VR ակնոցները, որտեղ կատարվել են արտաքին տեսքի և տեխնիկական մի քանի ոչ նշանակալի փոփոխություններ: