2020թ. Adobe-ն ու մնացած ընկերություններն ամբողջովին կհրաժարվեն Flash տեխնոլոգիայից
Ամսաթիվ
Դեռևս 2015 թվականին պարզ դարձավ, որ Adobe Flash պլատֆորմի վերջը մոտ է: Բնականաբար նման հայտնի պլատֆորմից ամբողջովին հրաժարվելու համար տարիներ էին հարկավոր: Վերջերս Adobe-ը հայտարարել է, որ այս գործընթացը կավարտվի 2020 թվականին: Adobe Flash-ից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկը դրա մեջ առկա անվտանգության բացթողումներն են: Այս պլատֆորմը նաև դանդաղեցնում էր ինտերնետ դիտարկչի աշխատանքը:
Նշեմ, որ չնայած այս ամենին, Adobe Flash տեխնոլոգիան շարունակում է օգտագործվել բազմաթիվ կայքերում ու խաղերում: Նունիսկ Ֆեյսբուքի խաղերի մեծ մասը պատրաստված են ու աշխատում են այս տեխնոլոգիայով: Հեռավոր 2000-ական թվականներին ես նույնպես հանդիսանում էի այս պլատֆորմի սիրահարներից մեկը և իմ խաղերի ու ծրագրերի մեծ մասում օգտագործվել եմ այն (օրինակ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում): Կարելի է ասել, որ իմ ծրագրավորման առաջին քայլերը կատարել եմ Flash-ով:
Ինտերնետ դիտարկիչները նույնպես նպաստում են Adobe Flash տեխնոլոգիայի մահվան գործընթացից: Առայժմ դիտարկիչները զգուշացնում ու թույլտվություն են հարցնում Flash ֆայլեր բացելու համար, սակայն 2020 թվականից սկսած այս տեխնոլոգիան ընդհանրապես կբացակայի դիտարկիչներից:
Հիշեցնեմ, որ 1996 թվականից սկսած Flash պլատֆորմը պատկանում էր Macromedia ընկերությանը, սակայն 2005 թվականին դարձավ Adobe-ի մեծ ընտանիքի մի մասը: Վերջերս փոխվեց նաև Flash խաղեր ու ծրագրեր պատրաստելու համար նախատեսված ծրագրի անունը: Այն Adobe Flash-ից դարձավ Adobe Animate:
Նշեմ, որ տվյալ պահին Adobe Animate-ով հնարավոր է ստեղծել ոչ միայն Flash տեխնոլոգիայով խաղեր ու ծրագրեր, այլև՝ HTML5-ով, որը հանդիսանում է Flash-ին փոխարինող թիվ մեկ տեխնոլոգիան: