F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքը ներկայացրեց Camera Effects Platform-ը
Ամսաթիվ
Երեկ կայացավ հերթական F8 համաժողովը, որտեղ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներկայացրեց նոր պլատֆորմ: Խոսքը գնում է Camera Effects Platform-ի մասին, որը նախատեսված է ծրագրավորողների համար: Այս պլատֆորմի միջոցով հնարավոր կլինի լուսանկարների ու տեսանյութերի համար ստեղծել լրացուցիչ իրականության (AR) էլեմենտներ: Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքը շաբաթներ առաջ ներկայացրեց Camera հավելվածը, որը թույլ էր տալիս լուսանկարների կամ տեսանյութերի վրա տեղադրել լրացուցիչ օբյեկտներ կամ անիմացիաներ:
Camera Effects Platform-ը ծրագրավորողներին է առաջարկում երկու գործիքներ: Առաջին կոչվում է Frame Studio և արդեն հասանելի է այստեղ: Frame Studio-ով կարող եք ստեղծել շրջանակներ և Ֆեյսբուքի հաստատումից հետո այն կհայտնվի սոցցանցում:
Երկրորդ գործիքը կոչվում է AR Studio և հասանելի է առայժմ քիչ թվով մարդկանց համար: Այս ծրագրով հնարավոր է ստեղծել AR էլեմենտներ: Ծրագրից օգտվելու համար նախևառաջ պետք է հայտ լրացնել:
Camera Effects Platform-ն ավտոմատ ճանաչում է լուսանկարում առկա օբյեկտները և դրանց վրա կիրառում համապատասխան գործողություններ: Օրինակ հնարավոր է այնպես անել, որ սրճի բաժակից ծուխ դուրս գա, կամ ծաղիկների վրա անձրև տեղա:
Հնարավոր է նաև սեղանի վրա դրված բաժակը վերածել ամրոցի և կրակել թշնամիներին: Այս պլատֆորմում խաղերը հասանելի կլինեն ավելի ուշ: