ArmCulture AR հավելվածի միջոցով քաղաքի արձանները «կենդանանում» են

Ամսաթիվ

Անցած տարեվերջին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ թողարկվեց ArmCulture AR հավելվածը, որը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց համացանցում և օգտատերերի շրջանում: Հավելվածի միջոցով, որը հիմնված է լրացված իրականության (Augmented Reality/ AR) տեխնոլոգիայի վրա, հնարավոր է «սքանավորել» Երևանի Ազատության հրապարակում գտնվող Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի արձանները և տեսնել իրենց եռաչափ պատկերները, լսել տվյալ ստեղծագործողի ձայնային հաղորդագրությունը, նաև լուսանկարվել եռաչափ պատկերի հետ և տեղադրել սոցցանցերում։ ArmCulture AR հավելվածը անվճար հասանելի է Google Play Market-ում և AppStore-ում:



Սուրբ Սարգսի տոնի առթիվ ArmCulture AR նախագծի հեղինակները պատրաստել են ևս մեկ անակնկալ. «սքանավորելով» Հովհ. Թումանյանի արձանը կարելի է լսել հեղինակի հայտնի սիրային բանաստեղծություններից մեկը:


Թեև AR հավելվածները նոր չեն աշխարհում, սակայն այսպիսի ֆորմատը` քաղաքի արձանների «կենդանացումը», առաջին անգամ է կիրառվում Հայաստանում:

Լրացված իրականության տեխնոլոգիան լայն հնարավորություններ է տալիս` համադրելու շրջակա միջավայրի օբյեկտները թվային բովանդակության հետ` լինի տեսանյութ, ձայնահաղորդագրություն, նկար կամ անիմացիա: AR hավելվածները արդյունավետ կիրառություն ունեն աշխարհում ոչ միայն մշակույթի, այլև կրթության, ինտերիեր-դիզայնի, բիզնեսի, ժամանցի վայրերի, անգամ պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում։ AR հավելվածի միջոցով, օրինակ, հնարավոր է յուրաքանչյուր պատկեր հավելել տեսաձայնաշարային ուղեկցությամբ, մի քանի վայրկյանում ցանկացածին հանդերձավորել Մեծ Հայքի նահանգներից որևէ մեկի կամ բոլորի տարազներով ու լուսանկարել, կամ եռաչափ անիմացիոն պատկերի տեսքով կենդանություն տալ գրքերի պատկերազարդումներին։

ArmCulture AR հավելվածը ստեղծվել է ARLOOPA ընկերության կողմից, որն ունի նախկինում արված բազմաթիվ այլ նախագծեր` նվիրված մշակութային արժեքներին: Համագործակցելով Հովհ. Թումանանի թանգարանի հետ ընկերությունը ստեղծել է AR հավելված, որի միջոցով կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի եռաչափ պատկերը թանգարանի սրահում, ինչպես նաև վիրտուալ իրականության ակնոնցների շնորհիվ «ընկղմվել» Թումանյանի հայրենիք` Լոռվա մարզի գեղեցիկ բնության մեջ:

Վ. Սարոյանի 108 ամյակի տոնակատարություններին ընդառաջ ստեղծվեց հայ գրողի անիմացված պատկերը: Անցած տարի՝ Գյումրիում մշակությաին փառատոնի ընթացքում, ներկայացվեց Մհեր Մկրտչյանի եռաչափ պատկերը: «Հայկական ազգային տարազ» AR հավելվածի միջոցով յուրաքանչյուրը կարող է «փորձել» քառասունից ավելի հայկական տարազներից որևէ մեկը (տեսանյութն՝ այստեղ):

Ինչպես նշում են ArmCulture AR նախագծի հեղինակները՝ ARLOOPA ընկերությունը և Aurora Baréalisse մարքեթինգային ընեկերությունը, նախաձեռնության նպատակը մշակույթը երիտասարդների համար առավել կիրառելի տիրույթում ներկայացնելն է։ Բացի այդ, նախագծի հեղինակները տեսնում են AR տեխնոլոգիայի ընդլայնմանն ուղղված շատ մեծ հնարավորություններ. օգտագործելով ՏՏ ոլորտի առկա ներուժը՝ դիրքավորել Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիաներ կիրառող և զարգացնող երկիր, ինչպես նաև աշխարհին նորովի ներկայացնել մեր պատմամշակութային արժեքները:

Զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար էլ ծրագրվում է առաջիկայում ArmCulture AR հավելվածի բովանդակությունը ներկայացնել մի քանի լեզվով և հավելվածում ներառել Հայաստանի այլ մշակութային վայրեր ևս։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.: