Ինչպես արագ արգելափակել համակարգչի ստեղնաշարը
Ամսաթիվ
Հատկապես փոքր երեխաներ ունեցողները շատ հաճախակի կարիք են ունենում արգելափակել իրենց համակարգիչները, որպեսզի երեխաները «դաշնամուր չնվագեն» ստեղնաշարի վրա: Սակայն համակարգիչն արգելափակելու ֆունկցիան այդքան էլ արդյունավետ լուծում չի տվյալ պարագայում: Օրինակ ֆիլմեր, լուսանկարներ նայելու, հոդվածներ կարդալու դեպքում չեք կարող արգելափակել համակարգիչը և շարունակել օգտվել համակարգչից:
Համակարգիչը արգելափակելու մեթոդի մյուս բացասական կողմն այն է, որ այս դեպքում ստեղնաշարի մի շարք կոճակներ շարունակում են աշխատել և երեխաները կարող են կատարել իրենց «սև» գործը: Օրինակ կարող են հավաքել շատ երկար սխալ գաղտնաբառեր:
Այս պարագայում օգնության է գալիս մի փոքր ծրագիր, որը կոչվում է KeyboardLocker: Այս ծրագիրը նախատեսված է շատ արագ համակարգչի ստեղնաշարը արգելափակելու և ապաարգելափակելու համար: KeyboardLocker-ը ներբեռնելուց ու բացելուց հետո համակարգչի էկրանի ներքևի անկյունում ցուցադրվում է հատուկ նշան, որը ցույց է տալիս ստեղնաշարի արգելափակման կարգավիճակը:
Ստեղնաշարը արգելափակելու համար բավական է սեղմել Ctrl+Alt+L կոճակը: Արգելափակումից հետո կարող եք նկատել, որ ներքևի նշանը փոխվեց և ստեղնաշարի վրա ցանկացած կոճակ սեղմելու դեպքում ոչինչ տեղի չի ունենում: Ճիշտ է, որոշ կոմբինացիաներ դեռ շարունակելու են աշխատել (օր. Ctrl+Alt+Delete), բայց հավանականությունը շատ քիչ է, որ երեխաները կհավաքեն այդ կոմպինացիաները:
Ստեղնաշարը նորից ակտիվացնելու համար պետք է պարզապես հավաքել unlock բառը: Այս դեպքում նույնպես էկրանի ներքևի հատվածում կփոխվի կարգավիճակի նշանը:
Համակարգիչը ռեստարտ անելուց հետո KeyboardLocker ծրագիրն ավտոմատ չի միանում: Այսինքն պետք է գոնե մի անգամ բացեք այս ծրագիրը: Սակայն այս թերությունն ունի շատ պարզ լուծում: Պետք է ընդամենը ծրագիրը տեղադրել Windows-ի ավտոմատ մեկնարկվող ծրագրերի ցանկում: Դա անելու համար աջ քլիք արեք KeyboardLocker.exe-ի վրա ու ստեղծեք դրա shortcut-ը: Այնուհետև ստեղնաշարի վրա սեղմեք Windows+R և բացված պատուհանում գրեք shell:startup:
Սեղմեք Enter ու բացված թղթապանակում տեղադրեք նախորդ քայլում ստեղծած shortcut-ը:
Եթե հետագայում ցանկանաք անջատել ծրագրի ավտոմատ մեկնարկումը, ապա պետք է նորից բացեք վերևում նշված թղթապանակը և ջնջեք ծրագրի հղումը: