Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան
Ամսաթիվ
Google ընկերությունը վերջերս անակնկալ մատուցեց և Android N օպերացիոն համակարգի բետա տարբերակը դարձրեց հասանելի բոլորի համար: Առայժմ այս օպերացիոն համակարգը կարող են տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus 6, Nexus 9, Nexus 9 LTE, Nexus Player և Pixel C սարքեր ունեցողները: Նոր օպերացիոն համակարգը տեղադրելու գործընթացը և անհրաժեշտ ֆայլերը կարող եք գտնել այստեղ: Եկեք տեսնենք, թե ինչ նոր հնարավորություններ ունի այս օպերացիոն համակարգը:
Ծանուցումների նոր կենտրոն
Android N-ում ծանուցումների կենտրոնը ավելի է կատարելագործվել և ստացել է նոր API, որը թույլ է տալիս ծրագրավորողներին դարձնել իրենց հավելվածների ծանուցումները ավելի ինտերակտիվ: Հնարավորություն է ստեղծվել անմիջապես ծանուցումների վրա պատասխանել հաղորդագրություններին, կարդալ նամակներ և կատարել այլ գործողություններ:
Բազմապատուհանային ռեժիմ
Android N-ում հնարավոր է էկրանը բաժանել երկու մասի և դրանցից յուրաքանչյուրում աշխատել տարբեր հավելվածների հետ: Հիշեցնեմ, որ նմանատիպ հնարավորություն Samsung-ը վաղուց ընձեռնում է իր սմարթֆոնների օգտատերերին:
Արագ կարգավորումների նոր վահանակ
Android N-ում արագ կարգավորումների վահանակը կատարելագործվել է: Այժմ այն պարունակում է ամենակարևոր կարգավորումների լրացուցիչ մենյու, որի շնորհիվ օգտատերերը կարող են ավելի արագ միացնել կամ անջատել հաճախ օգտագործվող մոդուլները:
Տրաֆիկի խնայում
Android N-ում կա Data Saver կոչվող ֆունկցիա, որը թույլ է տալիս խնայել բջջային ինտերնետի տրաֆիկը: Այստեղ խոսքը չի գնում տրաֆիկի սեղմման կամ արգելափակման մասին: Data Saver-ը թույլ է տալիս փոխել ինտերնետ ցանցի հետ աշխատանքը, որի շնորհիվ հավելվածները ավելի քիչ են թարմացնում իրենց տվյալները:
Գիշերային ռեժիմ
Անդրոիդի նոր տարբերակում ավելացել է գիշերային ռեժիմ, որն ակտիվանում է ավտոմատ կերպով կամ ըստ ժամանակացույցի: Այն ներառում է սև ինտերֆեյս և մթությանը համապատասխան էլեմենտների գույներ:
Էներգախնայողության կատարելագործված ռեժիմ
Android-ի նախորդ տարբերակում Doze ֆունկցիան նախատեսված էր խնայել ավելի քիչ էներգիա, սակայն արդյունքներն այդքան էլ տպավորիչ չէին: Android N մեծ աշխատանք է կատարվել այս ֆունկցիան կատարելագործելու համար: Այժմ Doze ֆունկցիան կակտիվանա ոչ միայն այն դեպքում, երբ սարքը երկար ժամանակ անշարժ վիճակում է գտնվել, այլև անմիջապես էկրանը անջատելուց հետո: Անկասկած սա թույլ կտա խնայել ավելի շատ էներգիա:
Բացված հավելվածների նոր մենյու
Գլոբալ փոփոխությունների ու բարելավումների բացի Android N-ում կան նաև մի շարք քիչ նկատելի, սակայն կաևոր ֆունկցիաներ: Այժմ վերջին բացված հավելվածներն ավելի մեծ չափսով են ցուցադրվում ցուցակի մեջ(նկարի ձախ կողմում՝ Android 6.0, իսկ աջ կողմում՝ Android N):
Զանգերի արգելափակում
Android N-ում ներառված է նաև անցանկալի հեռախոսահամարներից ստացած զանգերի արգելափակման ֆունկցիա:
Մի հավելվածից մյուսն անցնելու հեշտ եղանակ
Android N-ում փոխվել է մի հավելվածից մյուսն անցնելու եղանակը: Այժմ համապատասխան կոճակի վրա երկու անգամ սեղմելով կբացվի նախորդ հավելվածը, իսկ երկար պահելու դեպքում կարող եք ընտրել համապատասխան բացված հավելվածը:
Գունային բալանսի կարգավորում
Android N-ում ավելացել է կարգավորել գունային բալանսը և ցանկացած սարքի էկրանի համար գտնել օպտիմալ գույներ:
ART միջավայրի աշխատանքի նոր մեխանիզմ
Եթե դուք նախկինում թարմացրել եք Անդրոիդը կամ տեղադրել եք նոր ROM, ապա հավանաբար տեղյակ եք տեղադրված հավելվածների օպտիմիզացման երկար պրոցեսի մասին: Android N-ում այս գործընթացն ավելի արագ է տեղի ունենում: Այս փոփոխությունը անդրադառնում է նաև նոր հավելվածների տեղադրման արագության վրա: