Այս ծրագրով կարող եք որոշ տոռենտ կայքերում տեղադրված ֆիլմերն ու վիդեոները դիտել օնլայն


Torrent տեխնոլոգիայով աշխատող վեբ պորտալները գնալով շատանում են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց հետևից «որսի» են դուրս եկել ֆիլմարտադրողներն ու հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մնացած ընկերությունները: Բայց այս հետապնդումը ոչ միայն արդյունք չի տալիս, այլև նպաստում է այդ կայքերի զարգացմանը: Օրինակ վերջերս Ռուսաստանում արգելափակված rutracker կայքը որոշել է այլևս արտադրողներին չտալ անօրինական նյութերը պարունակող տոռենտները ջնջելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում արտադրողներիը կարող էին «արտոնյալ» հաշիվ ունենալ rutracker-ում և ցանկացած պահի ջնջել հեղինակային իրավունքները խախտող տոռենտները:

Torrent կայքերում տեղադրվում են նաև մեծ թվով ֆիլմեր, որոնք տեսնելու համար պետք է նախևառաջ ներբեռնել համակարգչի մեջ: Սակայն ստեղծվել է TorrentTime ծրագիրը, որը տեղադրելուց հետո հնարավոր է առանց ներբեռնելու միանգամից դիտել տոռենտ վիդեոներն անմիջապես ինտերնետ դիտարկչի վրա: Այսինքն uTorrent ու նմանատիպ ծրագրերի կարիք այլևս չի լինի ֆիլմեր դիտելու համար:
Արդեն մի շարք տոռենտ կայքեր ներդրել են այս ծրագրի ֆունկցիոնալը և թույլ են տալիս դիտել տոռենտներն օնլայն ռեժիմում: Նմանատիպ կայքերից է նաև ThePirateBay-ը:

Այս ծրագիրը որոշակի գումարի դիմաց տրամադրում է նաև VPN ծառայություն, որպեսզի Ձեր IP հասցեն չերևա համացանցում: TorrentTime ծրագրի առավելություններից է նաև վիդեոները Chromecast, Airplay and DLNA տեխնոլոգիաներով հեռարձակելու հնարավորությունը, որի միջոցով կարող եք օրինակ տոռենտ ֆայլը միանգամից հեռարձակել հեռուստացույցի վրա: