Ֆոտոշոփով մշակված լուսանկարը հաղթող է ճանաչվել Nikon-ի Ֆեյսբուքյան էջում և ծաղրի ենթարկվել օգտատերերի կողմից
Ամսաթիվ
Վերջերս մի հետաքրքիր դեպք է պատահել Nikon ընկերության հետ, որին ցանկանում եմ անդրադառնալ: Nikon-ի Ֆեյսբուքի էջում հայտարարվել է լուսանկարների մրցույթ և հաղթող է ճանաչվել մի լուսանկար, որն առաջին հայացքից շատ գեղեցիկ է ու յուրօրինակ: Nikon-ի Ֆեյսբուքի էջում գրված է հետևյալ տեքստը՝ «Յու Վեյը Chinatown-ով ընկերների հետ զբոսնելու ընթացքում բարձրացել է աստիճանավոր կոնստրուկցիայի վրա՝ կարծելով, որ այդտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Սակայն նա չէր սպասում, որ երկնքում կհայտնվի ինքնաթիռ: Մենք նույնպես կփորձենք նայել վերև, Յու Վեյ, Ձեր լուսանկարը հաղթել է Nikon պայուսակ: Շնորհավոր»
Օգտատերերից մեկը հարցրել է լուսանկարի հեղինակին, թե ինչքան երկար է նա սպասել ինքնաթիռին, իսկ հեղինակը պատասխանել է, որ ոչ այդքան երկար, քանի որ իր բախտը բերել է:
Սակայն Nikon-ի Ֆեյսբուքի էջի մյուս օգտատերերը միանգամից բացահայտել են, որ այդ լուսանկարը ստացվել է Ֆոտոշոփի միջոցով և ծաղրի ենթարկել Nikon ֆիրմային: Հաղթող լուսանկարին անզեն աչքով ուշադիր նայելու դեպքում Դուք ինքներդ կարող եք տեսնել, որ օդանավի կողքի հատվածներում կա սպիտակ ուղղանկյուն, ինչը նշանակում է, որ լուսանկարիչը նկարել է հետևի ֆոնը և Ֆոտոշոփով այնտեղ տեղադրել ինքնաթիռը: Nikon-ի նման հայտնի ու առաջադեմ ընկերությունը սա կարող էր գոնե ստուգել Photoshop-ի մեջ գույնի մակարդակները փոխելով:
Օգտատերերից շատերը որոշել են նույն լուսանկարի վրա տեղադրել տարբեր առարկաներ և արդյունքում ստացվել են հետևյալ լուսանկարները :)
Վերջում նշեմ, որ Nikon-ը ստիպված ընդունել է իր սխալը և խոստացել, որ ավելի ուշադիր կլինի հետագայում: