Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը կայցելի Հայաստան
Ամսաթիվ
Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ ամսի երկրորդ կեսին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթվա ընթացքում Րաֆֆին կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կտա հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
Րաֆֆի Գրիգորյանը և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:
Ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն Ծրագրային մշակման կառավարման թեմայով՝ «Այն, ինչ կարևոր է» խորագրով, որտեղ կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:
Րաֆֆին կվարի նաև առաջադեմ ծրագրավորման դասընթաց, որը բաց կլինի համալսարանի ուսանողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար, որի ընթացքում մասնակիցներին կծանոթացնի Թվիթերի API-ին, և միջին մակարդակի դասընթաց Թումո պատանիների համար գրագետ կոդավորման մեթոդների մասին: