Լուրջ բացթողում Ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը կարողացել է Մարկ Ցուկերբերգի պատի վրա գրառում անել
Ամսաթիվ
Պաղեստինցի օգտատեր Խալիլը հայտնաբերել է լուրջ բացթողում Ֆեյսբուք սոցիալական կայքում: Նա կարողանում է Ֆեյսբուքի ցանկացած օգտատիրոջ պատի վրա գրառում կամ հղում տեղադրել (նույնիսկ այն մարդկանց պատերի վրա, ովքեր չկան նրա ընկերների ցուցակում): Ֆեյսբուքում գոյություն ունի հատուկ հասցե, որտեղ կարող են դիմել բացթողումներ հայտնաբերած մարդիկ և նվազագույնը 500$ մրցանակ ստանալ: Այսպիսով Խալիլը դիմում-հայտ է ուղարկել Ֆեյսբուքի ադմինիստրացիա: Նա այդ հայտին կցել է մի լուսանկար, որի վրա պատկերված է, թե ինչպես է նա վիդեո տեղադրել Ֆեյսբուքի առաջին կին օգտատեր Սառա Գուդինի պատին (ով Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ նույն ուսումնական հաստատությունում է սովորել):
Այնուհետև Ֆեյսբուքի ադմինիստացիան Խալիլին պատասխանել է, որ իրենց չեն կարողանում տեսնել այդ գրառումը և սա բոլորովին էլ բացթողում չի: Խալիլը նրանց նամակով բացատրել է, որ իրենք չեն տեսնում այդ գրառումն այն պարզ պատճառով, որ չկան այդ աղջկա ընկերների ցուցակում (այսինքն այդ աղջիկը Ֆեյսբուքի կարգավորումներում նշել է, որ միայն ընկերները կարող են տեսնել գրառումները): Փաստորեն այդ գրառումը կարող են տեսնել միայն Սառա Գուդինի Ֆեյսբուքի ընկերներն ու գրառման հեղինակ Խալիլը: Այդ նամակից հետո Ֆեյսբուքի ադմինիստրացիան այլևս նրան չի պատասխանել: Այս դեպքերից հետո Խալիլը որոշել է մինչև վերջ գնալ և այս անգամ գրառում է տեղադրել Ֆեյսբուքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի պատին և այդ փաստն ապացուցող լուսանկարը տեղադրել է իր Ֆեյսբուքի էջում: Նա նաև Ֆեյսբուքի ադմինիստրացի է ուղարկել այդ լուսանկարի հասցեն:
Նամակ ուղարկելուց մի քանի րոպե անց Ֆեյսբուքի անվտանգության մասնագետ Օլա Օկելոլան մեկնաբանել է Խալիլի լուսանկարի տակ և խնդրել, որպեսզի նա ուղարկի ավելի մանրամասն տվյալներ այս բացթողման մասին: Այդ մեկնաբանությունից մի քանի վայրկյան անց Խալիլի Ֆեյսբուքի պրոֆիլն արգելափակվել է: Ըստ Ֆեյսբուքի ադմինիստրացիայի, Խալիլի պրոֆիլն արգելափակվել է այն պատճառով, որ նա այլ մարդկանց պրոֆիլների վրա կատարել է Ֆեյսբուքի կանոնադրությանը դեմ գործողություններ: Փաստորեն Ֆեյսբուքում բացթողումներ հայտնաբերելու համար պետք է օգտվել դրա համար նախատեսված հատուկ փորձնական պրոֆիլներից, ինչը չի արել մեր հերոսը: Այժմ Խալիլի պրոֆիլն արդեն վերականգնվել է, բայց Ֆեյսբուքի ադմինիստրացիան չի ցանկանում նրան վճարել խոստացված գումարը, քանի որ նա խախտել է Ֆեյսբուքի կանոնադրությունը:
Այսքանից հետո Խալիլը չի հանձնվում և այս անգամ վիդեո է ձայնագրել, որտեղ մանրամասն ցուցադրում է, թե ինչպես է օգտվում այդ բացթողումից (իհարկե որոշ դրվագներ նա դիտավորյալ թաքցնում է, որպեսզի Ֆեյսբուքի ղեկավարությունը միանգամից գլխի չընկնի ու չփակի այդ բացթողումը):