Sony-ն ներկայացրեց Playstation 4-ը


Sony ընկերությունը վերջապես ներկայացրեց խաղասերների կողմից երկար սպասված Playstation 4-ը: Տեխնիկական առումով Playstation 4-ը իրենից ներկայացնելու է հզոր համակարգիչ, որը հագեցած է x86 AMD պրոցեսորով, 8 ԳԲ GDDR5 օպերատիվ հիշողությամբ, AMD Radeon հզոր գրաֆիկական քարտով և լոկալ կոշտ սկավառակով: Նոր խաղային կոնսելը ներառելու է նաև Wi-Fi 802.11n, Bluetooth 2.1 և USB 3.0 ինտերֆեյսներ: Playstation 4-ը կարդալու է BluRay սկավառակները 4x արագությամբ, իսկ DVD սկավառակները՝ 8x:

Playstation 4-ը հնարավոր է նաև անջատել խաղի ընթացքում ու հետագայում միացնել ու առանց երկար սպասելու շարունակել խաղը: Կատարելագործված է ինտերնետով խաղեր ներբեռնելու ֆունկցիան: Այժմ խաղերի մեծամասնությունը հնարավոր է խաղալ՝ առանց սպասելու ներբեռնման ավարտին: Ընդլայնվել է նաև սոցիալական ցանցերի հետ կապը: Խաղացողները կարող են ցանկացած պահին ձայնագրել խաղերի դրվագները ու տեղադրել սոցիալական կայքերում: Հնարավորություն կա նաև հեռարձակել տվյալ խաղը ինտերնետում ու ընկերների օգնությամբ հաղթահարել դժվարությունները:

Playstation 4-ի DualShock անլար ջոյստիկի վրա ավելացել են փոքր սենսորային վահանակ, սոցիալական ցանցերում տվյալներ տարածող share կոճակ, ականջակալների բնիկ, և փոքր լուսարձակող վահական` խաղացողների իդենֆիկացիայի համար:

Playstation 4-ով հնարավոր կլինի խաղալ հին մոդելների խաղերը, սակայն ոչ թե սկավառակներով, այլ ամպային ծառայությունների միջոցով: Նոր խաղային կոնսոլը վաճառքի կհանվի 2013 թ. վերջնամասում և ըստ նախնական տվյալների կարժենա մոտավորապես $600: