Բանաստեղծություն: Պատուհանից դուրս


Մարմնումս հոգիս դողում է անձայն,
Ես քեզ եմ փնտրում, ուր ես սիրելիս,
Որտեղ ես կորել ցրտին այս աշնան:
Տերևներն ասես զույգեր են փնտրում,
Բայց ես իմ զույգին չեմ գտնում, ավա~ղ,
ՈՒ ամբողջ կյանքում ես սեր եմ փնտրում,
Իսկ տերևները պարում են խաղաղ:
Պատուհանից դուրս քամիներն անձայն
Օրոր են ասում ամբողջ աշխարհին,
Իսկ ես չեմ քնում, նստում եմ անձայն
ՈՒ տխուր նայում քո ճանապարհին:
Հեռվում ճոճվում է լացող ուռենին,
Որի ճյուղերը վարսերիդ նման
Թեթև հպվում են դողացող հողին
Ու ջերմացնում են շուրթերը նրա:
Իսկ ես մրսում եմ այս աշնան ցրտից,
Մարմնումս հոգիս դողում է անձայն...
Խելագարվում եմ քո խենթ կարոտից…
Իսկ դրսում աշունն է լալիս մեղմաձայն: