Բանաստեղծություն: Առաջին սերը
Ամսաթիվ
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ
Որ հիմա օրդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկնում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է.
Որ?
Գիտեմ, ջանս,
Զուր ես կրկնում.
Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես` միշտ կուտ է գնում:
Հեղինակ՝ Պարույր Սևակ