Վարորդներին անհրաժեշտ լավագույն Android հավելածները
Ամսաթիվ
Անդրոիդ և iOS օպերացիոն համակարգերի համար գոյություն ունեն մի շարք օգտակար հավելվածներ, որոնք նախատեսված են օգնել վարորդներին և վարելու ընթացքում տալ անհրաժեշտ ինֆորմացիա: Այսօր կանդրադառնանք Android օպերացիոն համակարգի համար նախատեսված նմանատիպ մի քանի հավելվածների:
Google Maps
Google Maps-ի քարտեզի վրա կարող եք նշել վերջնական կետը և այն վայրկյանների ընթացքում կառաջարկի ամենալավ ճանապարհը այնտեղ հասնելու համար: Հնարավորություն կա նաև օգտվել որոնման ֆունկցիայից և որոնել փողոցներ կամ խանութներ, սրճարաններ և այլ հասարակական կառույցներ: Վարելու ընթացքում բնականաբար ցուցադրվում է Ձեր դիրքը: Google Maps-ում կարող եք նաև պահպանել արդեն այցելված վայրերը և հետագայում միանգամից գտնել դրանք: Google Maps-ի լիակատար աշխատանքի համար պահանջվում է ինտերնետ կապ (Wi-Fi կամ 3G/4G):
Վերջերս Google Maps-ում ավելացել է նաև որոշակի մասշտաբների քարտեզներ պահպանելու հնարավորություն, ինչի շնորհիվ հնարավոր է խնայել 3G/4G ինտերնետ տրաֆիկը և ավելորդ գումար չծախսել: Google Maps-ը նաև ինտեգրված է Android-ի Google Now ծառայության մեջ և ավտոմատ կարող է գուշակել թե ուր եք ցանկանում գնալ և առաջարկել ճանապարհը:
Maps.me
Նախկինում Maps.me հավելվածը վճարովի էր և այդքան էլ տարածված չէր, սակայն վերջերս այն դարձավ անվճար: Ի տարբերություն Google Maps-ի, այս ծրագրում հնարավոր է ընտրել քաղաքը և միանգամից ներբեռնել օֆլայն քարտեզներն ու ճանապարհային ուղեցույցները:
Բնականաբար վարելու ընթացքում ինտերնետի կարիք այլևս չի առաջանում: Հավելվածով հնարավոր է նաև կատարել ինչ-որ տեղամասի որոնում, որը նույնպես ինտերնետ չի պահանջում: Մի խոսքով, եթե ցանկանում եք խնայել ինտերնետ տրաֆիկը և ձեռք բերել անվճար նավիգացիայի ծրագիր, ապա ձեզ անհրաժեշտ է հենց այս ծրագիրը:
Navitel
Նավիտել ծրագիրը նախատեսված է հենց վարորդների համար, այդ պատճառով այն ավելի պրոֆեսիոնալ է և վարորդների համար նախատեսված ավելի շատ գործիքներ ունի: Այստեղ նույնպես հնարավոր է նախօրոք ներբեռնել որևէ երկրի քարտեզը և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել դրանցից: Նավիտելը ցուցադրում է նաև ճանապարհներին տեղադրված տեսախցիկներն ու զգուշացնում դրանց մասին: Նավիտելում կա ձայնային ուղեցույց (նաև հայերեն), որը նախապես զգուշացնում է վարորդներին, թե ինչ ճանապարհով գնան (օր. 200 մետրից թեքվեք աջ): Նավիտել հավելվածը ցուցադրում է մեքենայի ընթացիկ արագությունը, ինչպես նաև նպատակետին հասնելու ժամանակն ու երկարությունը:
Հավելվածը պահպանում և ցուցադրում է նաև մեքենայի առավելագույն ու միջին արագությունները, ինչպես նաև այլ վիճակագրական տվյալներ: Նավիտելում հնարավորություն կա որոնել ըստ հասցեների, ինչպես նաև քարտեզի վրա նշել նպատակակետը: Կարող եք նաև հիշողության մեջ պահպանել արդեն այցելած վայրերը և հետագայում հեշտ գտնել դրանք: Նավիտել ծրագրի միակ թերությունն այն է, որ այն վճարովի է և քարտեզներ ձեռք բերելու համար պետք է վճարել:
Mapcam.info
Այս հավելվածը նախատեսված է ճանապարհներին տեղադրված արագաչափերն ու այլ ճանապարհային նշանները ցուցադրելու համար և ներառում է բազմաթիվ կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր է անջատել կամ միացնել նշված տիպի նշանների նախազգուշացումը: Օրինակ Երևանում երթևեկելու համար կարող եք անջատել խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները և թողնել միայն արագաչափերը:
Հավելածը բազան պարբերաբար թարմանում է և սխալ զգուշացումները շատ քիչ են պատահում: Հավելվածն աշխատում է նաև ֆոնային ռեժիմում: Այդ դեպքում զգուշացումներն այնուամենայնիվ ցուցադրվում են տվյալ պահին բացված էկրանի վրա: Զգուշացման պատուհանի չափերն ու ձև կարող եք փոխել կարգավորումներում:
Ամփոփում
Վարելու ընթացքում խորհուրդ կտամ միշտ օգտագործել Mapcam.info հավելվածը ֆոնային ռեժիմում, որպեսզի անտեղի չնկարահանվեք արագաչափերի կողմից: Mapcam.info-ի հետ միաժամանակ կարող եք բացել և օգտագործել նավիգացիայի համար նախատեսված հետևյալ ծրագրերից որևէ մեկից՝ հաշվի առնելով դրանց թերություններն ու առավելությունները:
Google Maps
+ պրոֆեսիոնալ ու ճիշտ քարտեզներ
- հիմնականում աշխատում է ինտերնետով
Maps.me
+ աշխատում է օֆլայն
- ոչ այդքան պրոֆեսիոնալ քարեզներ
Navitel
+ պրոֆեսիոնալ քարտեզներ ու վարորդների համար նախատեսված գործիքներ
- վճարովի է