Ի՞նչ ցուցադրեց Apple-ը WWDC 2015 միջոցառման ժամանակ

Ամսաթիվ

Երեկ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ WWDC 2015 միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին Apple-ի նոր ծրագրային լուծումները: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ ցուցադրեց երեկ Apple-ը այդ միջոցառման ժամանակ:

OS X 10.11 (El Capitan)

Ամենասկզբում Apple-ը ներկայացրեց իր նոր օպերացիոն համակարգը, որի հերթական համարն է 10.11: Այս նոր համակարգը կոչվում է El Capitan և արտաքնապես գրեթե ոչնչով չի տարբերվում 10.10 Yosemite համակարգից: Այս անունը պատահական չի ընտրված, քանի որ այդպես են կոչվում ԱՄՆ-ի երկու մեծ լեռները: Դրանցից մեկը գտնվում է Yosemite ազգային այգում, իսկ մյուսը՝ Guadalupe Mountains այգում:



10.11 համակարգում Apple-ը հիմնականում կատարել է ներքին ծրագրային փոփոխություններ: Արագացվել է ծրագրերի բացման և մի ծրագրից մյուսին փոխելու ժամանակը: Կատարելագործվել է նաև Spotlight որորնման ֆունկցիան. այս դաշտն այլևս ֆիքսված չէ կենտրոնում, հնարավոր է փոխել դրա չափսերը և ազատ տեղաշարժել այն: Ֆայլերը հնարավոր է որոնել ոչ միայն անուններով, այլ բացատրություններով («փաստաթղթեր, որոնց վրա ես աշխատել եմ հունիսին»):



Safar-ում ավելացել են մի քանի ֆունկցիաներ, որոնք Chrome-ում վաղուց արդեն կան: Մասնավորապես ավելացել է բացված կայքերի ամրացման հնարավորություն, ձայն հանող պատուհանի վրա համապատասխան նշանի ցուցադրում և այլն:



OS X 10.11-ի համար ներկայացվեց նաև Metal 3D-գրադարանը, որը iOS-ի համար թողարկվել էր անցած տարի: Այս պլատֆորմը նվազեցնում է համակարգչի կենտրոնական պրոցեսորի ծանրաբեռնվածությունը և մեծացնում է գրաֆիկայի ցուցադրման էֆեկտիվությունը մոտ 40%-ով (հատկապես խաղերում): Adobe ընկերությունն արդեն ցանկություն է հայտնել իր Creative Cloud-ում ներդնել այս գրադարանը:



OS X 10.11 El Capitan օպերացիոն համակարգն այժմ հասանելի է ծրագրավորողների համար, իսկ օգտատերերի համար առաջին բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին: Վերջնական տարբերակը կթողարկվի աշնանը: Այն հասանելի կլնին անվճար:

iOS 9

Երեկ ներկայացվեց նաև iOS 9 օպերացիոն համակարգը, որտեղ տեղի են ունեցել նշանակաի մի շարք փոփոխություններ: Siri ձայնային օգնականը դարձել է ավելի խելացի: Այժմ այն հասկանում է ավելի բարդ հարցումներ՝ օր. «ցույց տուր անցած օգոստոսին Սևանում կատարված իմ լուսանկարները», կամ «հիշացրու ինձ սուրճ գնել, երբ ես նստեմ ավտոմեքենաս»: Siri-ն այժմ հետևում է օգտատիրոջը և կատարում համապատասխան գործողություններ: Օրինակ, եթե Դուք մեքենայի մեջ հաճախ ես լսում աուդիոգրքեր, ապա Siri-ն կարող է ավտոմատ միացնել աուդիոգրքերի ծրագիրը, երբ Դուք նստեք ավտոմեքենա, կամ կամ կարող է ցուցադրել այն կոնտակները, որոնցից դուք հաճախակի եք օգտվում:



iOS-ի որոնման ֆունկցիան նույնպես բարելավվել է: Այժմ հնարավոր է փնտրել սպորտային հանդիպումների ամսաթվեր, ֆիլմեր, կամ այլ հավելվածների մեջ պարունակվող տվյալներ: Փաստորեն Siri-ն աստիճանաբար նմանվում է Android-ում առկա Google Now-ին:



iOS 9-ում առկա Notes հավելվածը դարձել է ավելի ֆունկցիոնալ խմբագրիչ: Այժմ հնարավոր է Notes-ում տեղադրել ոչ միայն «չոր» տեքստ, այլև տեղադրել տեսախցիկից նկարված լուսանկարներ կամ ձեռքով նկարված պատկերներ:



Maps հավելվածում այժմ հնարավոր է մի քանի տարբերակներով հասնել վերջնական կետին (մետրոյով, ոտքով, մեքենայով): Քայլ-առ-քայլ նավիգացիայի դեպքում հավելվածը կհուշի, թե մոտավորապես որքան ժամանակում ոտքով կհասնեք այդ կետին: Կատարելագործվել է նաև հասարակական վայրերի «քարտերը»: Այժմ ցուցադրվում են, թե որ խանութներում կամ սրճարաններում հնարավոր կլինի վճարել Apple Pay-ի միջոցով: Այս ֆունկցիաները հասանելի կլինեն միայն մեծ քաղաքներում:

iOS 9-ում հայտնվել է նոր հավելված, որը կոչվում է News(Նորություններ): Ֆունկցիոնալ առումով այն շատ նման է հայտնի Flipboard ծառայությանը՝ տարբեր աղբյուրներից հավաքում է նորություններ և ցուցադրում է դրանք հարմարավետ ձևով:



iPad-ների համար ավելացել է QuickType ֆունկցիան, որը նախատեսված է արագացնել ստեղնաշարի վրա տեքստի հավաքումը: Ստեղնաշարի վրա տեղադրվել են մի քանի կոճակներ, որոնք թույլ են տալիս պատճենահանել, տեղադրել կամ կտրել տեքստի որոշակի հատվածը, կամ այն դարձնել ավելի հաստ: Երկու մատերով սեղմելու դեպքում հանարվոր է կուրսորը ավելի հեշտ տեղաշարժել:



iOS 9-ի ամենակարևոր նորույթներից է միաժամանակ մի քանի գործողություն կատարելու գործառույթը (Multitasking): Այժմ հնարավոր է էկրանը կիսել 50/50 կամ 70/30 մասի և միաժամանակ դրա վրա ցուցադրել երկու հավելված (Split View): Ցավոք այս ֆունկցիան հասանելի է լինելու միայն iPad Air 2 մոդելի վրա:



Իսկ iPad Air/iPad mini 2 և ավելի բարձր մոդելների վրա հասանելի կլինի միայն Slide Over ֆունկցիան, որը թույլ է տալիս մի հավելվածը բացել մյուսի վրա (օր.՝ կարդալ էլ. փոստի նամակները և փոքր պատուհանում դիտել վիդեո):



Նոր iOS 9 համակարգը հնարավոր կլինի տեղադրել բոլոր այն սարքերի վրա, որոնց վրա տեղադրվում է iOS 8 համակարգը: iOS 9-ը արդեն հասաանելի է ծրագրավորողների համար, իսկ օգտատերերի համար առաջին բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին: Համակարգի վերջնական տարբերակը կթողարվկի աշնանը:

Apple Pay

Apple Pay վճարային համակարգը շարունակում է զարգանալ: Աստիճանաբար ավելի շատ վայրեր են սկսում աշխատել այս վճարային համակարգի հետ: Մոտ մեկ ամսից դրանց թիվը կհասնի մեկ միլիոնի: Բացի դրանից, հուլիսին այս ծառայությունը հասանելի կլինի Մեծ Բրիտանիայի օգտատերերի համար:

watchOS 2

WWDC 2015 միջոցառման ժամանակ ցուցադրվեց նաև Apple Watch «խելացի» ժամացույցների համար նախատեսված watchOS համակարգի թարմացված տարբերակը: Այժմ հնարավոր է լուսանկարներ կամ թայմ-լապսեր տեղադրել ֆոնի վրա, պատասխանել էլ. նամակներին, ավելացնել կոնտակտների մի քանի էկրաններ և այլն: Ծրագրեր մշակողների համար նույնպես ավելացել են մի շարք հնարավորություններ:





Apple Music

Ներկայացվեց նաև Apple Music ծառայությունը, որտեղ հնարավոր է բաժանորդագրվել երգիչներին, լսել երգերը, դիտել նրանց լուսանկարները, կարդալ սոց. ցանցերում նրանց գրառումները և այլն: Apple Music-ում կա նաև 24 ժամյա օնլայն ռադիո (Beats 1): 
Apple Music ծառայությունը հասանելի է լինելու ավելի քան 100 երկրներում և սկզբնական 3 ամիսը անվճար է լինելու: Հետագայում ամսական արժենալու է 9,99 դոլար:

Բոլոը միասին
Վերջում առաջարկում եմ դիտել 2 րոպեանոց այս տեսանյութը, որտեղ ցուցադրվում են վերևում նշված բոլոր նորույթները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն