Apple-ի և Microsoft-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «Սիլիկոնային հովտի ցանցահենները»
Ամսաթիվ
Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը:
Առաջին ֆիլմը, որին ցանկանում եմ անդրադառնալ, կոչվում է Սիլիկոնային հովտի ցանցահենները (Pirates of Silicon Valley): Ֆիլմը նկարահանվել է 1999թ.: Ֆիլմում նկարագրված է, թե ինչպես են ձևավորվել 2 հսկա ընկերությունները՝ Microsoft-ը և Apple-ը: Բնականաբար Ֆիլմի գլխավոր հերոսներն են Ստիվ Ջոբսը, Ստիվ Վոզնյակը, Բիլ Գեյթսը և Ստիվ Բալմերը: Նշեմ, որ ֆիլմի դերակատարները իրականում շատ նման են վերոնշյալ մարդկանց: Ի տարբերություն մնացած ֆիլմերի, այստեղ պատմությունները ճոխացված չեն: Օրինակ ֆիլմում կարող ենք տեսնել, թե ինչպես է Ստիվ Ջոբսը հաջողությունից կորցնում իր գլուխը, ինչպես վատ է նա վերաբերվում իր աշխատողների հետ, կամ ինչպես է նա թողնում իր հղի ընկերուհուն: Ֆիլմում առանց թերությունների չի մնացել նաև Բիլ Գեյթսը: Նա խաբում է IBM-ին՝ DOS համակարգը սեփական արտադրանք ներկայացնելով: Ֆիլմում տեսնում ենք նաև, թե ինչպես է Ստիվ Ջոբսը իրենով անում Xerox ընկերության արտադրանքները և դրանց հիմքի վրա ստեղծում իր օպերացիոն համակարգը: Իսկ Բիլ Գեյթսը այնուհետև գողանում է Ստիվ Ջոբսից և ստեղծում Windows-ը:
Բացի Microsoft-ից և Apple-ից, այս ֆիլմում ներկայացված են նաև IBM և Xerox ընկերություններ պատմությունից դրվագներ: Բնականաբար ռեժիսորները չէին կարող սա բաց թողնել, քանի որ Apple-ի և Microsoft-ի ձևավորման սկզբնական փուլում այս ընկերությունները մեծ դեր են խաղացել:
Ֆիլմի հերոսները գնում են բազմաթիվ զոհաբերությունների, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Նրանք մտնում են դաժան պայքարի մեջ և երբեմն առաջնորդի դերում հայտնվում խաբեության շնորհիվ: Սակայն, չնայած այս ամենին, մենք այնուհանդերձ խղճում ենք ֆիլմի հերոսներին և նախապատվություն տալիս այս կամ այն կերպարին:
Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ է տալիս իմանալ երկու առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների պատմությունը: Բացի այդ, դիտելով այս ֆիլմը, հնարավոր է դառնում չիդեալականացնել Ստիվ Ջոբսին և Բիլ Գեյթսին, այլ գիտակցել նրանց իրական նվաճումներն ու բացթողումները: Վերջում նշեմ, որ Ֆիլմը նաև պարունակում է մի շարք հումորային տեսարաններ: